ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային  այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում և իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսությունում:
Նախարարը Գեղարքունիքի  մարզպետի, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, «Սևան» ազգային պարկի ղեկավարի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» ու «Սևանի իշխան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ մասնակցել է   մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 130.000  հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձկան լիճ բացթողնմանը:
 ՀՀ Կառավարությունն` ի դեմս շրջակա միջավայրի նախարարության ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել լճի ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ 
Նախարարը «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչներին հանձնարարել է հետևողականություն դրսևորել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։
Այցը  շարունակվել է  գործարանի տարածքում շրջայցով, որտեղ նախարարը  տեղում ծանոթացել է առկա հզորություններին և հնարավորություններին, ապա տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել  մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և գործարանի հզորությունների լիարժեք իրացմանը: