ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2025
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն հանդիպել է Հայաստանի վերամշակողների միության ներկայացուցիչներին

Նոր քայլեր թափոնների կառավարման ոլորտում. նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն հանդիպել է Հայաստանի վերամշակողների միության ներկայացուցիչներին:
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Թափոնների վերամշակողների միության նախագահ Վահան Ղարիբյանին, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանին և «Վեգա» ընկերության զարգացման տնօրեն Արթուր Չոբանյանին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները, բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրագործումը և թափոնների կառավարման բարելավման ուղիները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միության գործունեության հիմնական ուղղություններին, մասնավորապես՝
- Շուկայում թափոնների կառավարման գործընթացների կարգավորման և վերահսկման անհրաժեշտությանը,
- Վերամշակման ոլորտում գործող ընկերությունների իրավունքների և շահերի պաշտպանությանը,
- Տեղեկատվության և կրթության միջոցներով հանրային իրազեկվածության բարձրացմանը,
- Նորարարական մոտեցումների խթանմանը՝ թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նպատակով։
Թափոնների վերամշակողների միությունը ներկայացրել է նաև իր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց թվում են՝
- Տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվային ակտերի մշակման և կատարելագործմանն աջակցելը,
- Թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտում գիտահետազոտական աշխատանքների խթանումը,
- Տնտեսվարող սուբյեկտների համար վերամշակման խթանիչ մեխանիզմների ներդրումը։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հորդորել է առավել սերտ համագործակցել պետական և մասնավոր հատվածների միջև՝ ընդգծելով, որ թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ստեղծումը պահանջում է փոխադարձ վստահության և համակարգված աշխատանքի մթնոլորտ։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են ոլորտային համագործակցության կարևորությունը՝ արձանագրելով, որ թափոնների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումը հնարավոր է միայն տարբեր շահագրգիռ կողմերի համախմբված ջանքերի արդյունքում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Թափոնների վերամշակողների միությունը շարունակելու են համագործակցությունը՝ ուղղված բնապահպանական պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը և Հայաստանում թափոնների կառավարման ոլորտի բարեփոխումներին։