ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:
Հանդիպման առանցքային թեման եղել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման գործընթացը, որի հյուրընկալող երկիր 2026 թվականին կլինի Հայաստանը։
Արամ Մեյմարյանը ներկայացրել է համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացիկ վիճակը, անդրադարձել կազմակերպչական մի շարք գործնական հարցերի, ներառյալ՝  ենթակառուցվածքային լուծումներին, միջազգային և տեղական գործընկերների ներգրավվածությանը, միջոցառման հաղորդակցման կազմակերպմանը և դրա շեշտադրումներին։ Նա ընդգծել է, որ համաժողովը կարևոր հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես բնապահպանական արժեքների կրող և կենսաբազմազանության պաշտպանության առաջնագծում գործող պետություն։
Ֆրանսուազ Ժակոբը հետաքրքրությամբ ծանոթացել է համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերին, վերահաստատել ՄԱԿ-ի համակարգի աջակցությունը՝ միջոցառման բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպման գործում։ Նա նաև կարևորել է համաժողովի ներառական  բնույթը՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և երիտասարդության մասնակցության նշանակությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բնապահպանական օրակարգի համատեղ առաջմղմանը։
Հանդիպումը ևս մեկ քայլ էր ամրապնդելու Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխվստահելի ու համատեղ գործողություններին ուղղված համագործակցությունը՝ ուղղված համաշխարհային կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։