ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.09.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են արդեն իսկ հաջողությամբ իրականացված համատեղ ծրագրերին, ինչպես նաև քննարկել նոր համագործակցության հնարավորությունները։
Նախարարն հատուկ կարևորություն է տվել ԵՄ Twinning ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի և Ֆինլանդիայի համագործակցությամբ իրականացված «Հայաստանում կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման կարողությունների ուժեղացում եվրոպական ստանդարտներին համապատասխան» նախաձեռնությանը։ Ծրագիրն հնարավորություն է տվել բարձրացնել Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունները և ամրապնդել Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումը՝ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը, որը իրականացվել է Ֆինլանդիայի Շրջակա միջավայրի ինստիտուտի (SYKE) կողմից, զգալիորեն նպաստել է կենսաբազմազանության վերաբերյալ նոր օրենսդրական դաշտի արդյունավետ կիրառմանն ուղղված ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Early Warning for All» նախաձեռնությանը։ Ներկայացված գաղափարը կարևոր քայլ է 2027 թվականի համաշխարհային նպատակին հասնելու ճանապարհին՝ ապահովելու համար, որ յուրաքանչյուր ոք ունենա եղանակային, ջրային և կլիմայական վտանգների վերաբերյալ կյանք փրկող նախազգուշացնող համակարգ։
Նախարարը դեսպանին ներկայացրել է COP17-ի կազմկոմիտեի կազմը, ինչպես նաև քննարկվել են համաժողովի կազմակերպչական հարցեր՝ հատկապես քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության ուղղությամբ։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և Հայաստանի բնապահպանական օրակարգի առաջմղման գործում ցուցաբերած պատրաստակամության համար։