ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2023
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի 4-րդ Համակարգող խորհրդի նիստը

Այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 4-րդ «Համակարգող խորհրդի նիստը»։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: 
Նիստը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի՝  ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ևանդրադարձել ծրագրի ընթացքին և առկա մարտահրավերներին․
«Հարկ չկա նշելու՝ որքան կարևոր է մեզ համար այս ծրագիրը և, թե  որքան կարևոր է, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հատուկ ուշադրության են արժանացել Սևանա լճի էկոհամակարգը և դրա բարելավումը։
Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները, լուծել լճի էկոհամակարգի պահպանության ճանապարհին առաջացած խնդիրները», - նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առկա մարտահրավերներին և նշել, որ նախարարություն վարչապետի այցի ընթացքում ևս քննարկվել է սույն ծրագիրը և վարչապետի կողմից ևս ուշադրության է արժանացել դրա անխափան ընթացքի ապահովումը։
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր խոսքում նշել է, որ բնապահպանական և գյուղատնտեսական ռեսուրսների պաշտպանությունը Հայաստանի հետ Գերմանիայի տնտեսական համագործակցության առաջնահերթություններից է։ 
Պարոն Թինտրուպն ընդգծել է, որ Սևանը Հայաստանի բնական գանձերից է և վստահություն հայտնել, որ ծրագրի ավարտին լճի ներուժը նորովի կբացահայտվի՝ հաշվի առնելով դրա նշանակությունը տնտեսական զարգացման, զբոսաշրջության համար և դրա մշակութային կարևորությունը։
Ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը ներկայացրել են ծրագրի նպատակները, մասնավորապես՝ բարելավել լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման և կառավարման, ջուր խնայող հողօգտագործման, կեղտաջրերի մաքրման կարողությունների բարելավումը, ինչպես նաև կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահառուների շրջանում լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը: 
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն կողմից։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է գյուղատնտեսական հատվածի համար, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պատասխանատու է տեղական կառավարման և ենթակառուցվածքների համար։