Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը:
Խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ՄԱԶԾ-ի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ որպես ծրագրի խորհրդի համանախագահներ, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ։
Նիստի մեկնարկին հաստատվել է խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։
Ելույթ ունենալով նիստում՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը.
«Այս ծրագիրը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն. այն հողի վրա արդյունքներ ցույց տվող նախաձեռնություն է, որոնք ոչ միայն բնապահպանական են, այլև սոցիալ-տնտեսական՝ խթանելով էներգետիկ արդյունավետությունը։
Թեև արձանագրում ենք հաջողություններ, բայց կան նաև դժվարություններ և մարտահրավերներ՝ պայմանավորված օբյեկտիվ գործոններով։ Մեր պատրաստակամությունը՝ լուծումներ գտնելու և ծրագիրը լիարժեք իրականացնելու ուղղությամբ, հուսով եմ, ակնհայտ է մեր գործընկերների համար»։
Նախարարը երախտագիտություն է հայտնել ՄԱԶԾ գործընկերներին և գործընկեր պետական կառույցներին՝ կատարված աշխատանքի համար։ Նա կոչ է արել հաշվի առնել ծրագրի ընթացում ի հայտ եկած խնդիրները՝ հետագա նախաձեռնություններում առավել հասցեական և արդյունավետ մոտեցումներ որդեգրելու համար.
«Մենք կանգնած ենք ծրագրի ավարտական փուլում։ Առաջիկա մեկ տարում մեզ սպասվում են կարևոր քայլեր, և պետք է կրկնապատկել ջանքերը՝ առկա միջոցները առավել նպատակային օգտագործելու համար»,-նշել է նախարարը։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության միջև ձևավորված ամուր գործընկերությունը՝ ուղղված Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրագործմանը։ Նա նշել է.
«Կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են ամուր և շարունակական գործընկերություններ։ Շրջակա միջավայրի նախարարության հետ մեր սերտ համագործակցության շնորհիվ մենք մեր նպատակները վերածում ենք իրական գործողությունների՝ հանուն ավելի կանաչ և կայուն ապագայի»։
Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ծրագրի միջազգային ղեկավար Ռուսուդան Տաշուրին՝ ներկայացնելով ծրագրի ընթացիկ արդյունքներն ու առաջընթացը, անդրադառնալով առկա մարտահրավերներին և ներկայացնելով 2025-2026 թվականների գործողությունների պլանը։
