Կայացավ երկօրյա «էկոթոն՛25» միջոցառումը, որն անցկացվեց «Համայնքների հզորացմանն ուղղված կայուն կլիմայական դիմակայունությունը՝ կիրառելով բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքները» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ:
Միջոցառումը նպատակ ուներ միասնական ջանքերով նպաստելու խոցելի համայնքների կլիմայադիմակայուն զարգացմանը, կենսաբազմազանության պահպանմանը, կայուն և մաքուր էներգետիկ զարգացմանը, քննարկելու համատեղ իրազեկման ու ծրագրերի իրականացման հնարավորությունները, զարգացման հնարավորությունները թիրախային Աշոցք և Ամասիա համայնքներում՝ հաշվի առնելով նաև Արփի լիճ ազգային պարկի առկայությունը համայնքներում։
«էկոթոն ՛25» մասնակիցների թվում էին պետական, համայնքային կառույցների, մասնագիտական և գիտակրթական համայնքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների, Աշոցք և Ամասիա համայնքների մասնավոր և հասարակական հաստատությունների ներկայացուցիչները։ Միջոցառման օրակարգը ներառեց համայնքների զարգացման, կլիմայի փոփոխության դիմակայման, կենսաբազմազանության պահպանման ազգային ռազմավարությունների ներկայացումը, քննարկվեց համայնքների տնտեսական կայունությունը բնական միջավայրի, կենսաբազմազանության պահպանման համատեքստում, ազգային պարկի փոխհարաբերությունները տնտեսվարողների և հարակից բնակավայրերի հետ։ Քննարկվեցին նաև ԵՄ քաղաքապետների դաշնագիր նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով համայնքների երկար ջեռուցման սեզոնը և կլիմայական մարտահրավերները։ Ներկայացվեց նաև կենսագազի օգտագործման ներուժը Հայաստանում։
Միջոցառումներն անցկացվեցին նաև Շիրակի մարզի Արփի լճի տարածքում՝ կարևորելով բնապահպանական, կենսաբազմազանության պահպանման ու 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի անցկացման ազդեցությունը։
