ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2023
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել բնապահպանական խաղերի ներկայացում-միջոցառում


Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել բնապահպանական խաղերի ներկայացում-միջոցառում:
Միջոցառմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դպրոցականներ հանրապետության տարբեր շրջաններից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախքան միջոցառման օրակարգային հատվածին անցնելը, ելույթներով հանդես են եկել թանգարանի տնօրենը և նախարարության ներկայացուցիչները, ովքեր ողջունելով միջոցառման մասնակիցներին, ևս մեկ անգամ անդրադարձել են հանրապետությունում էկոլոգիական կրթության և բնապահպանական գիտելիքների մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին և ներկայացրել նախարարության կողմից այդ համատեքստում տարվող աշխատանքները։
Միջոցառումը նպատակ ուներ հանրահռչակել հասարակական տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից մշակված և ստեղծված բնապահպանական խաղերը և խոսել դրանց մասին որպես շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրների լուծման ևս մեկ ճանապարհ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք բնապահպանական խաղեր։
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության նախագահ-համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը և կազմակերպության անդամ Քրիստինե Աթայանը ներկայացրել են «Բնությունամանիա» խաղը։
Այս խաղը նպատակ ունի փոքրերի և մեծերի շրջանում տարածել ավելի կանաչ ապրելակերպ և հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանում և աշխարհում առկա բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին։
Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովհեյանը ներկայացրել են «Կլիմապոլիս» սեղանի խաղը, որի միջոցով մասնակիցներն  իրազեկվում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հնարավորություններին:
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող ECOserve ծրագրի շրջանակում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ մշակած «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական սեղանի խաղը, որի նպատակն է մասնակիցներին սովորեցնել ճիշտ կառավարել բնական ռեսուրսները և դրսևորել էներգախնայող վարք։
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիաննա Մարգարյանը ներկայացրել է «ԷկոՇուտ-Հասիկ» խաղը, որն օգնում է  երիտասարդներին իմանալ բնապահպանական խնդիների մասին և ձեռնարկել քայլեր՝ պահպանելու Երկիր մոլորակը։
Միջոցառումն ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչների կողմից կազմակերպված ինտերակտիվ խաղ- վիկտորինայով, որի ընթացքում խաղի առավել ակտիվ մասնակիցներին կազմակերպությունների կողմից նվիրվել են ներկայացված խաղերի օրինակներ։
Միջոցառման մասնակից երեխաների համար նաև շրջայց է կազմակերպվել Բնության թանգարանում։