ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2024
Կայացել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հանդիպում

 Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականցման գրասենյակ» պետական հիմնարկն իրականացրել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի ընդլայնված մոնիթորինգի և հաշվետվողականության ուղղությամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  իրազեկման հանդիպում, որին մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և մարզային կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման նպատակն էր Կոնվենցիայի գործունեության մասին տեղեկացվածության ընդլայնումը,  մարզերում իրականացվող հողերի դեգրադացիայի կանխմանն ուղղված բնապահպանական ծրագրերի ներկայացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով մոնիթորինգային համակարգերի հետ ծանոթացումը։
«Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄՆ հողերի և ընդերքի քաղաքականության  վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է Կոնվենցիայի նպատակը, իրականացումը Հայաստանում և Կոնվենցիայի սահմանած հաշվետվողականության մեխանիզմը՝ նորարարական տեխնոլոգիաների և գլոբալ տվյալների կիրառմամբ։  Կոնվենցիայի ազգային համակարգողը տեղեկացրել է, որ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի Կողմերի 16-րդ (COP16) կոնֆերանսն այս տարի հատկանշական է Կոնվենցիայի 30-ամյա գործունեությամբ, և այն տեղի կունենա Սաուդյան Արաբիայում դեկտեմբերին։ 
ԲԾԻԳ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը ներկայացրել է մարզերում իրականացվող, ընթացիկ և հեռանկարային բնապահպանական ծրագրերը։
ԲԾԻԳ-ի ներկայացուցիչ Արմեն Աջամօղլյանը խոսել է երկրատեղեկատվական համակարգերի (GIS),  դրանց կիրառման հնարավորությունների, դաշտային տվյալների հետ համադրման մասին, ինչը կարևոր գործիք է հողային ռեսուրսների կայուն կառավարման համար։