ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2022
Կլիմայի փոփոխության հետևանքները Հայաստանի ջրային ոլորտի վրա. COP27-ի շրջանակում քննարկվել են ջրային ոլորտի խնդիրները

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի շրջանակում «Ջուր» խորագրով թեմատիկ քննարկումների օրվա ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ սերտ համագործակցությամբ ԱՍԳ գործընկերության Աջակցության բաժնի հետ, կազմակերպվել է պանելային քննարկում՝ նվիրված երկրում ջրային ոլորտի խնդիրների քննարկմանը։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ջրային ոլորտի կառավարման վերաբերյալ հայաստանյան  փորձով կիսվելու և տեսակետների փոխանակման հնարավորության համար։
Նախքան քննարկման մեկնարկը ԱՍԳ Գործընկերության աջակցության բաժնի երկրների ներգրավվածության ղեկավար Մարիաննա Պանունցիո-Ֆելդմանը շնորհավորել է հայ գործընկերներին Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագրի  հաստատման կապակցությամբ։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության հետևանքները  Հայաստանի ջրային ոլորտի վրա։
«Կլիմայի փոփոխության ազդեցության ներքո ջրային ռեսուրսների պատշաճ կառավարումը կարևոր դեր ունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Երկրում քաղցրահամ ջրի ընդհանուր օգտագործման շուրջ 88%-ը բաժին է ընկնում գյուղատնտեսական գործունեությանը, որի ամենամեծ բաժինը ոռոգմանն է (57%): Մնացած 39%-ն օգտագործվում է կոմունալ, արդյունաբերական ջրամատակարարման և ձկնաբուծության ոլորտներում։
Ջրի կառավարումը Հայաստանի առջև ծառացած հիմնական բնապահպանական-տնտեսական մարտահրավերներից է: Մարտահրավերն ավելի է սրվում կլիմայի փոփոխության ազդեցություններով», - նշել է նախարարի տեղակալը:
Գայանե Գաբրիելյանը խոսել է ջրային ոլորտին առնչվող օրենսդրության բարեփոխումներին, ինչպես նաև կառավարության կողմից՝ այդ թվում և միջազգային դոնորների ներգրավման միջոցով ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերին։
Քննարկման ավարտին Մարիաննա Պանունցիո-Ֆելդմանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՍԳ Գործընկերությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը ջրի ոլորտում իր հարմարվողականության ծրագրի իրականացման հարցում, որը կնպաստի ոչ միայն ազգային կարիքների բավարարմանը, այլև տարածաշրջանում անդրսահմանային խնդիրների լուծմանը։
Քննարկմանը ելույթ է ունեցել «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ հիմնադիր Էրիկ Գրիգորյանը, ով ներկայացրել է գործնական լուծման մեխանիզմներ, թե ինչպես կարելի է խթանել Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը։
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մարիա Պիա-Անկորան և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի  FAO-ի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ժան-Մարկ Ֆաուրեսը, խոսել են ջրային ոլորտում գործընկերային աջակցության մասին։