Նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելությանը՝ Կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ղեկավար Եվգենի Ժուկովի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Նախարարը գործընկերներին ներկայացրել է Նյու Յորքում միջազգային գործընկերների հետ անցկացված քննարկումների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նշվել է, որ COP17-ի օրակարգը պետք է լինի հնարավորինս ներառական, հարուստ և ընդգրկուն։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ գործընկերներին՝ համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական գործընթացներում աջակցելու պատրաստակամության համար։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կենսաբազմազանությանը նվիրված ընթացիկ նախագծերին, հատկապես Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագրերին։
Քննարկման արդյունքում ամրապնդվել է կողմերի ընդհանուր պատրաստակամությունը՝ COP17-ը դարձնելու արդյունավետ ու հաջողված հարթակ, որտեղ Հայաստանը կցուցադրի իր պատասխանատու մոտեցումն ու ներդրումը գլոբալ կենսաբազմազանության և կլիմայական օրակարգում։
