ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2024
Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է հողերի վերականգնման և երաշտի դիմակայունության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մեկնարկի հետ կապված հարցերի վերաբերյալ նախարարական երկխոսությանը

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի  շրջանակում  վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է հողերի վերականգնման և երաշտի դիմակայունության համար պետական  և մասնավոր ֆինանսավորման մեկնարկի հետ կապված հարցերի վերաբերյալ  նախարարական երկխոսությանը:
Նախարարական երկխոսությունն անդրադարձել է հողերի դեգրադացիայի, անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար ներդրումների ավելացման կարևոր անհրաժեշտությանը, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը,  որտեղ կարող են կամրջվել  ֆինանսավորման բացերը և ստացվել կայուն լուծումներ:
Վարչապետի գլխավոր խորհրդականը հանդես է եկել ելույթով.
«Իր գեոկլիմայական դիրքի և տնտեսական զարգացման անցումային փուլում գտնվելու պատճառով Հայաստանն ավելի խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Ուստի անապատացման դեմ պայքարը մեր երկրի համար դարձել է ռազմավարական նշանակության խնդիր։
Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ կառավարությունն իրականացնում է ինտենսիվ պտղատու այգիների հիմնման և ծախսերի մինչև 50%-ը փոխհատուցող ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրեր»-, նշել է Համբարձում Մաթևոսյանը:
Վարչապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրման մեխանիզմի պիլոտային ծրագիր, որի շրջանակներում մի շարք մշակաբույսեր ապահովագրված են ցրտահարությունից, երաշտից, կարկուտից և հրդեհից։ 
«Կառավարությունը սուբսիդավորում է ապահովագրավճարները և մասնակիորեն կիսում է ապահովագրական ռիսկը՝ տրամադրելով փոխհատուցում։
Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության ազդեցությանը դիմակայելու ազգային ջանքերը բավարար չեն, և Հայաստանը, որպես ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին կից Կորուստների և Վնասների Հիմնադրամի խորհրդի անդամ, ձգտում է ապահովել, որ զարգացող երկրները կարողանան ապավինել կենսական ռեսուրսներին»,-իր ելույթում նշել է Մաթևոսյանը:
Եզրափակելով իր ելույթը, Համբարձում Մաթևոսյանը ներկա երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստանում  անցկացվելիք Կենսաբազմազանության COP17-ին` համատեղ առաջընթաց գրանցելու կենսաբազմազանության գլոբալ պահպանման և բնական միջավայրի կայուն օգտագործման ուղղությամբ: