ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.06.2022
Կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովը

Հունիսի 6-ից 17-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովը:
Համաժողովի կարգախոսն էր «Գլոբալ համաձայնագրեր՝ քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարում առողջ մոլորակի համար»։
Համաժողովին մասնակցում էին մոտ 1500 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից։ 
Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։  Վերջինս Եվրոպական տարածաշրջանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների կողմից առաջադրվել և տվյալ համաժողովի կողմից ընտրվել է Բազելի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի համանախագահ, ինչպես նաև Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի անդամ։
Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանը նշանակվել է համատեղ հարցերի կոնտակտային խմբի համանախագահող։ Խմբի կողմից մշակվել և Կողմերի հաստատմանն է ներկայացվել երկու որոշման նախագիծ՝ «Միջազգային համագործակցություն և համակարգում այլ կազմակերպությունների հետ» և «Սիներգիզմը վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների ապօրինի շրջանառությունը կանխելու և դրա դեմ պայքարելու հարցում» թեմաներով, որոնք ընդունվել են տվյալ Կողմերի համաժողովների կողմից։
Բազելի կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովը բախվել է ծավալուն օրակարգի՝ ներառյալ Կոնվենցիայի հավելվածների վերանայման հետ կապված տեխնիկական և իրավական զգալի աշխատանքը։ Ընդունված 22 որոշումներից առավել նշանակալից արդյունքը Կոնվենցիայի վերանայման համաձայնությունն էր, ըստ որի բոլոր էլեկտրոնային և էլեկտրական թափոնները ենթարկվելու են նախնական տեղեկացված ընթացակարգի։ Էլեկտրոնային թափոններն այժմ ներառված են Կոնվենցիայի II հավելվածում (Հատուկ ուսումնասիրություն պահանջող թափոնների կատեգորիաներ)։
 Վերանայվել է նաև Կոնվենցիայի VIII հավելվածը։