Կայացել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության եվ օգտագործման մասին կոնվենցիայի շրջանակներում մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբի 18-րդ հանդիպումը:
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մասնակցել են Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած «Մակերևույթային և ստորերկրյա ջրերի փոխկապակցված կառավարման ազգային և անդրսահմանային ասպեկտները» թեմայով գլոբալ աշխատաժողովին, «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի ու գնահատման աշխատանքային խմբի տասնութերորդ հանդիպմանը և «Անդրսահմանային ջրային համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրներում. ձեռքբերումներ և առաջընթաց» թեմայով տարածաշրջանային սեմինարին:
Նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը հանդես է եկել ելույթով, որով շրջակա միջավայրի նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ մշտապես աջակցելու և շարունակական համագործակցության համար, ներկայացրել եմ «ԵՄ ջրային նախաձեռնություն +» և «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրերի շրջանակներում անդրսահմանային մոնիթորինգային համագործակցության և այլ գործընթացների իրականացման, մասնավորապես՝ Դեբեդ-Խրամի գետերի ավազանում 2009 թվականից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող հայ-վրացական համատեղ մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքների մասին։ Նաև ներկայացրել է ԿԶՆ 6.5.2 ցուցիչի վերաբերյալ նախորդ հաշվետվությունից ի վեր 2023 թվականի հաշվետվությամբ ներկայացված մոնիթորինգի արդյունքների առաջընթացը, վեր հանված խնդիրները և քաղված դասերը։
Նիստերի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են՝
- մակերևութային և ստորերկրյա ջրերի համատեղ կառավարում. ակնկալվող օգուտներ և խնդիրներ դրա իրականացման հարցում,
- հաջողված պատմություններն ու դասերը, որոնք քաղվել են ընդհանուր կառավարման պրակտիկաներ իրականացնելիս,
- անդրսահմանային ավազաններում մոնիտորինգի, գնահատման և տեղեկատվության փոխանակմանն աջակցություն՝ հիմնվելով գլոբալ փորձի վրա,
- ջրի կառավարման ինտեգրված և միջոլորտային մոտեցման խթանում բոլոր մակարդակներում,
- անդրսահմանային ավազաններում կլիմայի փոփոխությանը հարմարվելը. կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարում,
-ԱլԳ երկրներում ԿԶՆ 6.5.2 վերջին հաշվետվությունից ի վեր առաջընթացի և քաղված դասերի ներկայացում, դրա արդյունքների օգտագործումը անդրսահմանային համագործակցությունը զարգացնելու համար,
-Տարածաշրջանում անդրսահմանային համագործակցության ապագա հեռանկարներն ու կարիքները և այլն: