ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.11.2023
Տեղի է ունեցել «ՀՀ բնության պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «ՀՀ բնության պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել են  ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքները։
Ծրագրի նպատակն է պահպանել Հարավային Կովկասի գյուղատնտեսական և բնական էկոհամակարգերը՝ բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, լրացուցիչ եկամտի ստացման հնարավորությունների մեծացման, գիտելիքների, տեղեկացվածության և կառավարման ունակությունների բարձրացման միջոցով։
Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից՝
-Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում,
-Խոցելի գյուղական համայնքներում խելացի տեխնոլոգիաների և արժեշղթաների ներդրում և ամրապնդում,
-Կլիմայական խելացի գյուղատնտեսական գործելակերպի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, մոնիթորինգ և որոշումների կայացման կարողությունների զարգացում։
Ծրագրի տարածքն ընդգրկում է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ վարչական միավորները, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Դիլիջան քաղաքը, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին և Թեղուտ վարչական միավորները, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ վարչական միավորը և Ֆիոլետովո համայնքը։
Ծրագրի խնդիրն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայնքների խոցելիությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ։
Այս խնդիրը լուծելու նպատակով իրականացվել է 35,8 կմ դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում և արոտավայրերում 9 հատ ջրարբիացման կետերի կառուցում, 861 հա դեգրադացված արոտավայրերի, 96 հա խոտհարքների և 26 հա վարելահողերի բարելավում (հանքային և օրգանական պարարտանյութերի համակիր կիրառմամբ), 8700 գծամետր ոռոգման ցանցի կառուցում, 3000 մ2 ընդհանուր մակերեսով չտաքացվող ջերմատների կառուցում, մրգերի չորացման 30 հատ արևային չորանոցների կառուցում, 9,5 հա պտղատու այգիների հիմնում, 3,1 հա հատապտղային այգիների հիմնում , 3,4 հա տարածքի վրա բանջարաբոստանային նոր սորտերի և հիբրիդների ներդրում, 2 պոմպակայանների աշխատեցման նպատակով ֆոտովոլտային կայանների կառուցում, 1,2 հա ընդհանուր մակերեսով դեղաբույսերի մշակման փորձացուցադրական տարածքների ստեղծում, 2 դաշտային դպրոցների ստեղծում, բնակչության տեղեկացվածության և գիտելիքի մակարդակի բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում, հանրամատչելի բուկլետների տպագրում և տարածում, 9 էկոակումբների ստեղծում։
Հարմարվողականության հիմնադրամի հետ համաձայնեցվել են ծրագրում նոր բնակավայրերի ներգրավման և խնայված միջոցների օգտագործման ուղղությունները։ Որոշում է կայացվել ծրագրում ընդգրկել Հովք և Դաշտաքար բնակավայրերը։
Նախատեսվում է խնայված միջոցներն օգտագործել ոռոգման ջրագծերի կառուցման, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգման և արոտավայրերում  ջրարբիացման կետի կառուցման, չտաքացվող ջերմատների և մրգերի չորացման, արևային չորանոցների կառուցման, պտղատու այգիների հիմնման նպատակով։