«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել է Սևանա լճի հանրային N4, N6 և N7 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը։
Մրցույթին մասնակցել է մեկ կազմակերպություն՝ «Գոլդեն Լիոն» ՍՊԸ-ն Ծովազարդ 3,3 հա֊ի (մեկնարկային գին 396000 դրամ) համար։
Ներկայացվել է ծրագիր, որը համապատասխանել է հանրային լողափերի կարգով հաստատված պահանջներին։
Դրանք էին՝
- համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,
- առաջարկվող բարձր վճարի չափը,
- օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
- ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),
- նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
- սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
- ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Ներկայացված ներդրումային ծրագրով առաջարկվել է տարեկան 700 000 դրամ վարձավճար, նախատեսվում է ներդրումներն իրականացնել 3 տարվա ընթացքում՝ տարեկան 15 մլն դրամ ներդրում, ընդհանուր՝ 45 մլն դրամ։
Որպես լրացուցիչ առաջարկ է ներկայացվել նաև հանրային լողափի տարածքում պառկելաթախտերի անվճար տրամադրումը։
Դրախտիկի և Նորատուսի հանրային լողափերի սպասարկման համար դիմողներ չեն եղել։