ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2021
CNF-ի կողմից Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին հատուկ տեխնիկա նվիրաբերվեց

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։
Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերեց թռչող անօդաչու սարքի (դռոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շրջակա միջավայրի պահպանության շնորհակալ գործում մշտական գործուն աջակցության համար։
«Անտառկառավարման արդյունավետության տեսանկյունից չափազանց կարևոր է ժամանակակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Այս անօդաչու սարքերը հնարավորութոյւն կտան կանխարգելել և չեզոքացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա  մարդածին ազդեցությունը՝ ապօրինի ծառահատումներ, հրդեհներ և այլն»,-նշել է նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։ 
Հիշեցնենք նաև, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո: