ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2023
Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը

Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը. ՀՀ նախագահի ելույթը COP 28-ում
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը:
«2015 թվականին մենք պատմական քայլ կատարեցինք՝ ընդունելով Փարիզյան համաձայնագիրը: Այնուամենայնիվ, ինչպես նշված է Կլիմայի փոփոխությամբ զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի վերջին զեկույցում, մենք բավականին հետ ենք մնացել Փարիզի նպատակների իրագործման ուղենշային գործընթացներից։ Դրա պատճառները բազմաթիվ են, այդ թվում՝ տնտեսությունների շարունակական կախվածությունը հանածո վառելիքից։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել էներգիայի արտադրության համար ածխաջրածինների ավելորդ և անկայուն շահագործման ճանապարհով: Հանածո վառելիքի պահանջարկի աստիճանաբար նվազեցումը հրամայական է»,- ասել է  ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված հավակնություններն իրագործելու համար պետք է կառուցել այնպիսի էներգետիկ համակարգեր, որոնք առավել չեզոք են ածխածնի արտանետման առումով և քիչ կախված՝ հանածո վառելիքից:
«Անհրաժեշտ լուծումներն առկա են։ Մենք պետք է արագացնենք գիտությունը և ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում, ու այդ ֆինանսավորման անկյունաքարը պետք է լինի «Կորուստների և վնասների» հիմնադրամը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:
ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ`
https://shorturl.at/cpxyE