ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.01.2026
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Կլիմայի մասին» և կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստում ներկայացրել է  «Կլիմայի մասին» և կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը։
Նախաձեռնությամբ սահմանվում են կլիմայական քաղաքականության մշակման ու իրականացման համար անհրաժեշտ լիազորող նորմերը, ինչպես նաեւ ոլորտում կիրառելի հասկացությունները:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան և դրա ներքո ընդունված Փարիզյան համաձայնագիրը, որով երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն:
- Օրենքով կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, արդյունքների հաշվետվողականության և համակարգման ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև իրավահարաբերությունները։ 
-  Օրենքով նախատեսվում է կլիմայական քաղաքականությունների իրականացումն ապահովող համակարգերի (թույլտվությունների, հաշվառման, կորպորատիվ և ազգային հաշվետվողականության) և մեխանիզմների (շուկայական և ոչ շուկայական գործիքներ) ձևավորումն ու կատարելագործումը: 
- Օրենքով սահմանվում են կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ լիազորող նորմերը,  սահմանվում են նաև ոլորտում կիրառելի հասկացությունները, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունը: