Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստի շրջանակում Պանամայում կայացել է «Կարոտա» մշակութային կրթական զարգացման հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հարակից միջոցառում՝ «Բնապահպանություն մշակույթի միջոցով. էնդեմիկ ժողովուրդների կենսաբազմազանության հիշողությունը» թեմայով։
Միջոցառումն իրականացվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում և նպատակ ուներ բացահայտելու, թե ինչպես է Հայաստանի էնդեմիկ համայնքների մշակութային ժառանգությունը՝ երգեր, գորգեր, ասեղնագործություն, ծեսեր և բանավոր ավանդույթներ, դարերի ընթացքում պահպանել կենսաբազմազանությունը՝ որպես կենդանի հիշողություն՝ փոխանցելով էկոլոգիական գիտելիք սերունդ առ սերունդ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են կոնկրետ օրինակներ, որոնք ցույց են տվել, թե ինչպես են տարբեր համայնքներ՝ առանց գիտական գործիքների, ավանդական մշակույթի միջոցով պահպանել բույսեր, կենդանիներ և լանդշաֆտներ։
Միջոցառման հիմնական նպատակներն էին՝
- Ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը որպես կենսաբազմազանության պահպանման ոչ ֆորմալ համակարգ,
- Ցույց տալ, թե ինչպես են երգերն ու հորինվածքները կրում բնության վերաբերյալ գիտելիք,
- Քննարկել էնդեմիկ համայնքների մասնակցության կարևորությունը կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունների մշակման գործընթացներում։
Միջոցառմանը մասնակցել են կենսաբազմազանության և մշակույթի ոլորտների մասնագետներ, ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի ներկայացուցիչներ (հատկապես՝ 8(j) հոդվածի շրջանակում), մշակութային քաղաքականություն մշակողներ, համայնքների ներկայացուցիչներ և երիտասարդներ։
 
                       
                       
                                         
                                         
                                         
                                        


