Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և ողջ անձնակազմը, այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծառատունկ իրականացրեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։
Նշված տարածքում տնկվեց շուրջ 8500 տնկի։
Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել ծառատունկի մասնակիցներին․
«Ինչպես գիտեք, կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։Ծառ տնկելն ու խնամելը ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել այսօր վաղվա օրվա ու ապագա սերունդների համար։
Եվ այսօր այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի կանաչ ապագայի մեր միասնական տեսլականին։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով իր լուման կներդնի ծառատունկի իրականացման մեջ՝ դա կլինի մասնակցություն համապետական ծառատունկի միջոցառումներին, թե մեկ ծառի տնկում սեփական այգում կամ բակում»,-նշել է նախարարը։