ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.11.2024
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պոլիքլորացված բիֆենիլների վերաբերյալ պիլոտային ծրագրի ներածական խորհրդակցություն

Ս/թ հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել պոլիքլորացված բիֆենիլների վերաբերյալ պիլոտային ծրագրի ներածական խորհրդակցություն, որը նպատակաուղղված էր պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ) գույքագրման տվյալների թարմացմանը և դրանց հետագա վնասազերծման կամ ոչնչացման գործողությունների որոշմանը:
Խորհրդակցությունը կազմակերպվել էր Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարության և Չեխիայի Ստոկհոլմի կոնվենցիայի տարածաշրջանային կենտրոնի կողմից՝ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:
Խորհրդակցությանը մասնակցել են շրջակա միջավայրի, առողջապահության նախարարությունների, ՆԳՆ փրկարար ծառայության, պետական եկամուտների կոմիտեի, վիճակագրական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի, Շուկայի վերահսկողության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ, «Հրազդան–5» հիմնարկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
2003 թվականին վավերացված «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ ՊՔԲ-ները, ՊՔԲ պարունակող թափոնները, ՊՔԲ պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների վերածվող ապրանքները/ արտադրանքը էկոլոգիապես անվտանգ կառավարելու մասով: ՊՔԲ-ների պաշարները, որոնք գտնվում են էներգետիկ համակարգի գործող սարքավորումներում (տրանսֆորմատոր, կոնդենսատոր, յուղային անջատիչ և այլն), ենթակա են ոչ միայն հեռացման, այլ նաև վերականգնման՝ նույն սարքավորումներում հետագա օգտագործման համար:
Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Էդգար Միսակյանը՝ իր ելույթում նշելով, որ Կենտրոնն իր լիազորությունների շրջանակներում աջակցում է Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների իրականացմանը: Կենտրոնը հագեցված է համապատասխան սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել յուղերում ՊՔԲ-ների պարունակության որոշումը:
ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2009-2012 թվականներին Բռնոյի Մասարիկի համալսարանի Շրջակա միջավայրի տոքսիկ նյութերի ուսումնասիրման գիտական կենտրոնի հետ համատեղ, ձեռք է բերվել մասս դետեկտորով գազային քրոմատագրիչ, որի միջոցով կատարվում է յուղերի նմուշների անալիզ՝ ՊՔԲ-ների առկայությունը որոշելու նպատակով:
2023-2024 թվականների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր է տրամադրել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին: Այդ սարքերը նախատեսված են հողում, օդում, ջրում և սննդամթերքում սնդիկի և դրա միացությունների պարունակությունը որոշելու համար:
Սնդիկի հետազոտությունները շրջակա միջավայրում թույլ կտան ապահովել նաև Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը, հայտնաբերել և գնահատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:
Խորհրդակցության ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացրել է իր կողմից իրականացվող՝ ՊՔԲ-ներով աղտոտված տրանսֆորմատորային յուղերի և յուղային անջատիչների բնապահպանական ռիսկերի կառավարման գործընթացը: Մասնավորապես, իրականացվում են գործող սարքավորումներում առկա յուղերի անալիզներ՝ ՊՔԲ-ների պարունակությունը որոշելու նպատակով և առավել աղտոտված սարքավորումները դուրս են բերվում շահագործումից:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ներկայացուցիչը հայտնել է, որ վթարների քանակի կրճատման, ՊՔԲ-ներով աղտոտված սարքավորումների կոնսերվացման և շահագործումից դուրս բերման համար Ընկերությունն իրականացրել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման» ծրագիրը, ըստ որի վերակառուցվել է Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանը:
Խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շրջակա միջավայրի նախարարության և էներգետիկ համակարգի ընկերությունների միջև սերտ համագործակցության վերաբերյալ, ինչը թույլ կտա ավարտին հասցնել ՊՔԲ-ների գույքագրման տվյալների վավերացման գործընթացը և դիմել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին՝ յուղերի վնասազերծման սարքավորում ձեռք բերելու համար: