ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2026 թվականի բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրերի շրջանակում ներառված 25 միջոցառման ֆինանսավորման ընդհանուր ծավալը նախատեսվում է շուրջ 15.4 մլրդ դրամ, որը մոտ 813.0 մլն դրամով ավելի է 2025 թվականի հաստատված 14.5 մլրդ դրամ բյուջեից։
2026 թվականի նախատեսված գումարից՝

  • մոտ 2.4 մլրդ դրամը միջազգային դրամաշնորհներն են և
  • շուրջ 13 մլրդ դրամը՝ զուտ ՀՀ պետական բյուջեից հատկացումները։

Նախարարն անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին ու ֆինանսական հատկացումներին: Նախարարությանը կհատկացվի 1 մլրդ դրամ, իսկ մնացած գումարի տրամադրումը կիրականացվի Կառավարության պահուստային ֆոնդից:-️«Անտառների կառավարում» ծրագրի ընդհանուր հատկացումը կազմում է ավելի քան 7 մլրդ դրամ: 

  • «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի ընդունմամբ անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը պետք է իրականացվի էկոպարեկային ծառայության միջոցով: 2026 թվականի պետական բյուջեի նախագծով 5.7 մլրդ դրամ կհատկացվի էկոպարեկային ծառայությանը: Համակարգի ներդրման գործընթացի շրջանակում շարունակվում են էկոպարեկների հաստիքների համալրման ու վերազինման աշխատանքները՝ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, միջազգային գործընկերների աջակցությամբ:
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերին կուղղվի 475.5 մլն դրամ, որը կազմում է ՊՈԱԿ-ի աշխատավարձի 42 տոկոսը: Կազմակերպության պահպանման ծախսերի հիմնական մասը նախատեսվում է ապահովել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող սեփական եկամուտների հաշվին:
  • Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքների իրականացմանն ուղղված ֆինանսավորման ծավալը նվազել է 50 տոկոսով՝ կազմելով 500 մլն դրամ:

Անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար նախատեսված է շուրջ 391 մլն դրամ:

  • Նախատեսված է 686 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա 17 ազդակիր համայնքների համար:
  • Ներկայացրել եմ ընթացիկ մի շարք բնապահպանական ծրագրեր, խոսել 2026 թվականին նախատեսված միջոցառումների մասին: Կապան քաղաքում կիրականացվեն Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կիրականացվի անձրեւաջրերի հավաքման և ոռոգման համակարգի ստեղծման ծրագիր:
  • «Բնական ռեսուրսների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում» ծրագրի իրականացման համար կհատկացվի 1.11 մլրդ դրամ: 624.5 մլն դրամ կուղղվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների պահպանման ծախսերին:
  • Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացման համար նախատեսված հատկացումը կազմում է 467.7 մլն դրամ։

Նախարարը մանրամասն ներկայացրել է ոլորտում իրականացվող մի շարք այլ ծրագրային ցուցանիշներ, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին: