ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2023
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստը

2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։
ԵՄ ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը։
2019 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) «Ճանապարհային քարտեզի» «Շրջակա միջավայր» և «Կլիմայի փոփոխություն» գլուխներով նախատեսված համապատասխան գործողությունների իրականացումը։ 
5-րդ գլուխ՝ «Շրջակա միջավայրը» նախատեսում է ավելի քան 100 միջոցառում, որոնք ուղղված են ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը` համաձայն ԵՄ ավելի քան 20 դիրեկտիվների: Ներդաշնակեցումը կապահովի առաջընթաց շրջակա միջավայրի կառավարման ոլորտում, հատկապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական ռազմավարական գնահատման, բնապահպանական կրթության, անդրսահմանային համագործակցության և բնապահպանական տեղեկատվության հանրությանը հասանելիության ոլորտներում:
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում (2022 - 2023 թթ.) Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք աշխատանքներ է իրականացրել՝ կապված ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, թափոնների կառավարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և մթնոլորտային օդի որակի հետ:
Հայաստանը և ԵՄ պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։