ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.02.2025
Կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը կվերանայվեն

Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
Քննարկման ներկայացված նախագծով 1-ին փուլով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ դրանք ավելացնելով հիմնականում մոտ 2 անգամ, իսկ սիգ ձկնտեսակի համար՝ մոտ 3 անգամ՝ դիտարկելով որպես Սևանա լճի էկոհամակարգի պահպանության և պարենային անվտանգության տեսանկյունից կարևորագույն ռեսուրս։ Սիգի 1 կգ-ի համար սահմանվել է 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։
Վերանայվել են կենդանիների տեսակների օգտագործման իրավունքի համար դրույքաչափերը՝ գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակներով, ինչպես նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակների բնօգտագործման դրույքաչափերը, որոնք օգտագործվում են բացառապես բնապահպանական, առողջապահական և վերարտադրության նպատակով։
Բնօգտագործման վճարի դրույքաչափերը սահմանված են եղել ՀՀ կառավարության 1998 թվականի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշմամբ, որոնք առաջին անգամ վերանայվել էին 2006 թվականին։ Ավելացվել էր նաև սիգի համար սահմանված բնօգտագործման վճարը՝ 30 դրամից դառնալով 50 դրամ, իսկ 2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով 2020 թվականից այդ դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 1.3 գործակիցը: Արդյունքում սիգի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը ներկայիս գործող 65 դրամը 2006 թվականից մինչ օրս ավելացել է ընդամենը 15 դրամով։
Ըստ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կիլոգրամը մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7 տոկոսը։ 
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2006-2023թթ ժամանակահատվածի համար գնաճը կազմել է 99.85%:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել վերագնահատելու բնական ռեսուրսի արժեքը, հաշվի առնելով, որ գործող ցածր դրույքաչափերը չեն նպաստում կենսապաշարների՝ մասնավորապես, սիգ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը։
Քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է վերանայել կենսառեսուրսի համար սահմանված բնօգտագործման վճարի կարգը, համաձայն որի վճարումը կիրականացվի ոչ թե փաստացի օգտագործված ծավալների, այլ պայմանագրով կամ լիցենզիայով տրամադրված չափաքանակի համար։ 
Նախատեսվում է ամրագրել դրույթ, համաձայն որի սահմանված չափաքանակի և փաստացի օգտագործված ծավալի դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ։
Միաժամանակ, վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության նպատակով օրենսգրքով նախատեսված հարկային հաշվետվություններ չներկայացնողները բնօգտագործման վճարը կվճարեն կենսապաշարների օգտագործման պայմանագրերի կնքման կամ լիցենզիայի տրամադրման պահին։
Ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում 2026 թվականի հունվարի 1-ը։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: