ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2023
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ քննարկում շրջակա միջավայրի նախարարությունում

Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։ 
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։
Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն երկար ժամանակ է գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, կատարվում են կենդանիների վարքի ուսումնասիրություններ, տնտեսություններին հասցված վնասի հաշվարկներ, ուսումնասիրվում է նաև խնդրի լուծման միջազգային փորձը, առկա է տեղեկատվության ահռելի պաշար, որը արդեն թույլ կտա լուծումների ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Նախարարն իր խոսքում  հստակ ընդգծել է, որ նախարարության համար անընդունելի է կենսաբազմազանությանը վնասող ցանկացած լուծում։
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, խոսելով գորշ արջերի հարձակումների արեալներից, նշել է, որ հատկապես Վայոց ձորի մի քանի համայնքներում պարբերաբար նկատվում է նույն առանձնյակը, և որ լուծումների միջոցառումներում հատկապես այդ դեպքերը պետք է առաջնային դիտարկվեն։
Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որն առաջիկայում հանդես կգա լուծումների կոնկրետ առաջարկներով։
Նախարար Հակոբ Սիմիդյանը պատրաստակամություն է հայտնել այցելել համայնքներ և հարձակումների արդյունքում վնասների, պաշտպանական միջոցների և կենդանիների հետ համակեցության խնդիրների  շուրջ զրուցել բնակիչների հետ։