ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մասնակցելու է Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Ժնևում է՝ մասնակցելու Բազելի կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի 17-րդ, Ռոտերդամի կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի 12-րդ և Ստոկհոլմի կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի 12-րդ համաժողովին: 
Համաժողովի կարգախոսն է. «Տեսանելի դարձնել անտեսանելին. Քիմիական նյութերի և թափոնների ռացիոնալ կառավարում», որի նպատակն է խթանել երկրների բովանդակալից քննարկումների և կարծիքների փոխանակմանը, որոնք համահունչ են միջոցառման նպատակներին և միտված են շոշափելի արդյունքների հասնելուն։
Նախարարի տեղակալը ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է համաժողովի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը, ներկայացվել է երկրի կողմից գրավոր հայտարարություն, որում, մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում քիմիական նյութերի և թափոնների ռացիոնալ կառավարման ապահովումը  պետական քաղաքականության հիմնական ուղղություն է հանդիսանում և որ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության պահպանության հետ կապված հարցերը ներառված են երկրի բոլոր ռազմավարական փաստաթղթերում։ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է մի շարք նորմատիվ իրավական ակտեր՝ Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով՝ քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելման համար: 
Նախարարի տեղակալը մասնակցել է նաև  նախարարական «Կլոր սեղան» քննարկումներին, որի ընթացքում քննարկվել  են հետևյալ թեմաները.-Աղտոտում։ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի կոնվենցիաների իրականացման միջոցով աղտոտվածության և դրա հետ փոխկապակցված այլ բնապահպանական մարտահրավերների (ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանության կորուստը) լուծման հնարավորությունների ուսումնասիրություն,

  • Շրջանաձևություն։ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի կոնվենցիաների շրջանակներում կայուն սպառման և արտադրության խթանման հնարավորությունների ուսումնասիրություն՝ էկոլոգիապես մաքուր շրջանաձևության առաջխաղացման համար,
  • Իրականացման միջոցներ։ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի կոնվենցիաների իրականացման բարելավման հնարավորությունների ուսումնասիրություն՝ տեխնիկական աջակցության, մաքուր և նոր  տեխնոլոգիաների, ինչպես նաև նորարական ֆինանսավորման հասանելիության միջոցով։

Համաժողովը կընթանա մինչև ս.թ մայիսի 9-ը։