Օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թ. -ից ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ. հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:
Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:
Օրենսդրական կարգավորմամբ կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, եւ կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Նախարարի տեղակալի խոսքով, փաթեթի ընդունումը կնպաստի վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
