ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.06.2021
Աշխատաժողով նվիրված սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծությանը

Սույն թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ «Սնդիկի և այլ վտանգավոր նյութերի և թափոնների օրենսդրության վերլուծություն» թեմայով աշխատաժողով 
Միջոցառումը կազմակերպվել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում։
Քիմիական նյութերի և թափոնների ներդաշնակ կառավարումը պահանջում է օրենսդրական և ինստիտուցիոնալ հենքերի ստեղծում, հետագա ամրապնդում և պարբերաբար թարմացում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականից հետո համաձայն «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների նախատեսվում է սնդիկի հավելիչներով արտադրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, մշակվել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը թույլ կտա սնդիկի հետ կապված գործունեության իրավական, կազմակերպչական և տնտեսական հիմքերի օրենքով ամրագրումը, ինչպես նաև սնդիկի գործունեության ոլորտում տարբեր պետական կառավարման մարմինների լիազորությունների ամրագրումը և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումը։
Աշխատաժողովի նպատակն էր շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացնել քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորղ վերջին տարիներին մշակված օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները։
Միջոցառմանը ներկա էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ռիսկի գնահատման և վերլուծությունների, Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչությունների ու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Երևանի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները։
Բացման խոսքով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը՝ կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սերտ համագործակցությունը բազմաթիվ բնապահպանական միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման, ինչպես նաև առաջացող խնդիրների վերլուծության գործընթացում։
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող տիկին Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց քիմիական նյութերի և թափոնների ոլորտը կարգավորող օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, այդ թվում՝ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման համար։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Լևոն Ազիզյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Սնդիկի հետ կապված հիմնախնդիրները գտնվում են նաև մեր ուշադրության կենտրոնում՝ օրենսդրական բարեփոխումներից մինչև իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում»։
Օրենսդրության բարելավումից բացի պարոն Ազիզյանը կարևորեց նաև ազգաբնակչության շրջանում սնդիկի վնասակարության մասին իրազեկվածության բարձրացումը։
Աշխատաժողովի վերջում մասնակիցներին շնորհվեց հավաստագրեր։