ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.11.2023
Տեղի է ունեցել հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել են հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստին։
Նիստին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին,  նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, բարձրաստիճան ներկայացուցիչներ երկու երկրների շահագրգիռ կառույցներից։
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, նախարարը գործընկերների հետ քննարկել է սույն թվականի սեպտեմբեր ամսին Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովը և դրա ընթացքում  քննարկված հարցերի ընթացքը։
Ողջույնի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանն  երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի կազմակերպությանը շարունակական և արդյունավետ համագործակցության համար և անդրադարձել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունների կայուն զարգացումը բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային և շրջակա միջավարի պահպանության առումով ռազմավարական կարևոր գործընկեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առկա ձևաչափով քննարկել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համագործակցության ներկա վիճակը, փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը»,-նշել է նախարարը։
Կարևորելով Արաքս սահմանային գետի պահպանության վերաբերյալ արդյունավետ համատեղ և շարունակական աշխատանքն ու արձանագրած հաջողությունները, նախարարը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն  է հայտնել  շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով և  անդրադարձել է երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսմանը։ 
Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթին իր հերթին շնորհակալություն է հայտնել նիստը նախաձեռնելու համար։ Պարոն Իրաջ Հեշմաթին նաև իր երախտիքն է հայտնել հայ գործընկերներին Արաքս գետի ջրի որակի հանդեպ մշտական ուշադրության և դրա պահպանությանն ուղղված ջանքերի համար։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է հանդիպումը, քանի որ տևական դադարից հետո ազդարարվում է  երկու երկրների համատեղ մոնիթորինգային խմբի աշխատանքների վերսկսման մեկնարկը։ 
Նիստի ընթացքում ներկայացվել է Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման ծրագիրը, աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը և հաստատվել  է տարեկան ժամանակացույցը։