ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և նախարարի տեղակալ Ա.Մազմանյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության հետ առցանց հանդիպմանը

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Ն.Պորտերը, Հայաստանում ԱՄՀ առաքելության մշտական ներկայացուցիչ Մ.Ռաիսսին։
ԱՄՀ-ն Հայաստանի հետ ունի երկարամյա համագործակցություն։ Երկրի անկախությունից ի վեր Հիմնադրամը Հայաստանին է տրամադրել ֆինանսական, տեխնիկական, ինչպես նաև խորհրդատվական աջակցություն։
2019 թվականին մեկնարկել է և ներկայումս ԱՄՀ աջակցությամբ Հայաստանում իրականացվում է ծրագիր, որի հիմնական նպատակն է մակրոտնտեսական կայունության պահպանումը և ավելի բարձր ու ներառական աճի խթանումը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2022 թ. մայիսին։ 
Հադիպմանը քննարկվել են Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 
«Կլիմայական օրակարգն այսօր առաջադեմ երկրների  թիվ մեկ խնդիրն է դարձել։ Մեկ-երկու շաբաթից Գլազգոյում կմեկնարկի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը` #COP26-ը, որին Հայաստանը պատրաստվում է մասնակցել ամենաբարձր մակարդակով. հայաստանյան պատվիրակությունն արդեն ձևավորված է, ընթացքի մեջ են վերջին տեխնիկական հարցերը։Նախատեսված են  մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ ու քննարկումներ պատվիրակությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Կլիմայի փոփոխությունը նաև մակրո-կրիտիկական խնդիր է Հայաստանի համար և այդ խնդիրն ամրագրված է նաև մեր Կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում։ Շրջակա միջավայրի նախարարությունն այդ օրակարգի շրջանակում ամենաբարձր մակարդակներում շփումներ է իրականացնում Կանաչ կլիմայի հիմնադրամի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և մեր մյուս գործընկերների հետ»,- առցանց հանդիպման ողջույնի իր խոսքում նշել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարը նաև անդրադարձ է կատարել այս տարվա ամռանը, որը վերջին հարյուրամյակի, առհասարակ, հայկական հիդրոօդերևութաբանության կանխատեսումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգն էր, որի ընթացքում Հայաստանը և հայ հասարակությունն առերեսվեցին մի շարք խնդիրների՝ այդ թվում և նախաերաշտային սակավաջրության խնդրին։
 «Դա կարևոր ազդակ էր մեր երկրի համար՝ լուրջ ձեռնարկներ ուղղելու կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության քաղաքականությանը»,-նշել է նախարարը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կլիմայական քաղաքականության շրջանակի այլ հարցերի, ինչպես նաև  շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ռազմավարության առաջնահերթություններին։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության կլիմայական օրակարգի շուրջ ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ գործընկերային կապերի զարգացմանը և  համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը: