ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2024
Լրագրողների այց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին ծանոթանալու նպատակով

Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, կոչված է սևեռել բոլոր երկրների ուշադրությունն օդի աղտոտվածության խնդրին։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այց նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ՝ ծանոթանալու Հայաստանում օդի որակի մոնիթորինգի գործընթացին։
Ողջունելով լրագրողներին՝ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը լրագրողներին ներկայացրել է օրվա խորհուրդը և նշել, որ օդի աղտոտվածության խնդիրը այսօր շրջակա միջավայրի համար ամենալուրջ սպառնալիքն է աշխարհում և Հայաստանում։ Մթնոլորտային օդի որակի պահպանության համար օդի որակի մոնիթորինգը դեպի լավ օդ տանող առաջին օղակն է, ինչը Հայաստանում իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Լևոն Ազիզյանը պատասխանել է նաև լրագրողների՝ օդի որակի մոնիթորինգին առնչվող հարցերին՝ անդրադառնալով օդը աղտոտող գործոններին, հանրապետության տարբեր հատվածներում օդի աղտոտվածության մակարդակին, կառույցին պատկանող դիտակայանների, ինչպես նաև՝ կենտրոնի տեխնիկական վերազինման հնարավորություններին։  
Օդի որակի մոնիթորինգի վերաբերյալ տեսական պատկերացումներ ունենալուց բացի լրագրողները հնարավորություն են ունեցել շրջել  լաբորատորիայում և ծանոթանալ օդի որակի մոնիթորինգի բուն գործընթացին՝ նմուշառումից մինչև տվյալների ամփոփում, մասնագետներից պարզաբանումներ ստանալ ընթացքին վերաբերող մանրամասներից։