Նախարարության տարեկան աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդի որակին և դրա շուրջ հանրության շրջանում առկա մտահոգություններին։
Ձմռան ամիսներին Արարատյան դաշտում և Երևանում օդի աղտոտվածությունը մեծանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ցածրադիր գոտում առաջանում է ինվերսիոն շերտ, այսպես կոչված «կեղև», որը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացմանը և դրանք կուտակվում/պահպանվում են մթնոլորտում երկար ժամանակ։
Վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացել օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների հետ կապված, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես, հրապարակվում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ շվեյցարական տեխնոլոգիական IQAir ընկերության կայքի տվյալները։ Ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական հրապարակներում տեղադրվել են սարքեր, որոնց միջոցով դիտարկվում է փոշու մանր մասնիկների՝ PM2.5-ի և PM10-ի պարունակությունը։
Այդ սարքերը նախատեսված են լրացնելու ռեֆերենս՝ ճշգրիտ մեթոդներով աշխատող սարքերին, օդի որակի վերաբերյալ տարածական առումով ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար։ Սակայն դրանք բավական զգայուն են արտաքին պայմանների նկատմամբ՝ բարձր խոնավություն, բարձր կամ ցածր օդի ջերմաստիճան, մեծ աղտոտվածություն։ Սարքերի ճշգրտությունը կազմում է ±10-40 %։
Այս սարքավորումները դեռևս չունեն միջազգային ստանդարտացման ինստիտուտի կողմից հաստատված ստանդարտ մեթոդներ, ուստի սարքավորումներն ինքնուրույն, առանց այլ սարքերի կիրառման ստուգաճշտել հնարավոր չէ։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկվում են մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունները:
Համաձայն գործող կարգավորումների, մթնոլորտի աղտոտվածության մակարդակները դասակարգվում են՝
բարենպաստ – աղտոտումը չի գերազանցում յուրաքանչյուր աղտոտող նյութի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ),
անբարենպաստ – աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն մինչև 19 անգամ,
վտանգավոր – աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն 20-29 անգամ,
արտակարգ - աղտոտումը գերազանցում է յուրաքանչյուր աղտոտող նյութի համար միջին օրական ՍԹԿ-ն 50 և ավելի անգամ,
Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվում է 5 անշարժ դիտակայանում (Արաբկիր, Նոր Նորք, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններ), որոնց միջոցով դիտարկվում են վերոնշյալ բոլոր բաղադրիչներն ամենօրյա անընդհատ ռեժիմով, ինչպես նաև 45 շարժական դիտակետում, որոնց միջոցով դիտարկվում են միայն ծծմբի և ազոտի երկօքսիդները՝ շաբաթական կտրվածքով։
2024 թվականին իրականացված դիտարկումների համաձայն՝ դիտարկումների 28%-ում դիտվել են չտարբերակված փոշու, 4%-ում՝ ազոտի երկօքսիդի, 1%-ում՝ ծծմբի երկօքսիդի գերազանցումներ՝ համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից:
2022-2023թթ. համեմատ 2024 թվականի ամռան ամիսներին մայրաքաղաքում դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում:
2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 2022-2023թթ. համեմատ փոշու կոնցենտրացիան գրեթե նույնն է եղել:
Ոլորտի օրենսդրական բարեփոխումների, վերահսկողական միջոցառումների խստացման համար անհրաժեշտ են առավելագույն ճշգրիտ տվյալներ, որոնք ունենալու ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում նախարարության կողմից։
Հայաստանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով՝ 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի 2 դիտակայանի ձեռքբերման համար, որոնց մատակարարումը և գործարկումն ակնկալվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում:
Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռի չափել օդի հիմնական աղտոտիչները, տեղեկատվությունն ստանալ ժամանակին, և օպերատիվ ներկայացնել հանրությանը։
Ինչպես նաև համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ 2025 թվականին Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի դիտացանցը կհամալրվի ևս 3 ավտոմատ դիտակայանով։
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (200 մլն ՀՀ դրամ) արդեն իսկ ձեռք է բերվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան, որոնք 2024 թվականին տեղադրվել են Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։
Բացի այդ, նախկինում տեղադրված 23 ավտոմատ օդերևութաբանական կայանները պետական բյուջեի միջոցների հաշվին համալրվել են ձյան ծածկույթի բարձրության, 4 խորություններում հողի ջերմաստիճանի և խոնավության տվիչներով, ինչպես նաև ջրային մակերևույթից գոլորշացման 6 տվիչներով, որոնցից 3-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում։ Բոլոր ավտոմատ օդերևութաբանական կայանները և տվիչները միացվել են տվյալների առցանց ստացման և վիզուալիզացման միասնական համակարգին։
Այս բոլոր աշխատանքները կրում են շարունակական բնույթ։