ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2025
Կայացել է Օրհուսի կոնվենցիայի իրականացման 2021-2024թթ․ Ազգային զեկույցի նախագծի հանրային քննարկումը

Հայաստանը մինչև 2025 թվականի մայիսի 20-ը՝ կողմերի հերթական  հանդիպումից 6 ամիս առաջ,  Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին (Օրհուսի) կոնվենցիայի քարտուղարությանը պետք է ներկայացնի  կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցը։
Ազգային զեկույցի կազմման գործընթացն առավել մասնակցային և թափանցիկ կազմակերպելու նպատակով շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում կայացել է Օրհուսի կոնվենցիայի իրականացման 2021-2024թթ․ Ազգային զեկույցի նախագծի հանրային քննարկումը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի պատասխանատու Սիլվա Այվազյանը, Ազգային զեկույցի նախագիծը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։ Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների և կառույցների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակիցների ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները տեղ կգտնեն զեկույցի վերջնական տարբերակում։ 

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ՝ «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։