Օրհուսի կոնվենցիայի կողմերի 8-րդ նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ կազմակերպած միջոցառմանը քննարկվել են Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի և անխափան գործունեության վերաբերյալ հարցեր:
ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով համակարգողի գրասենյակը կազմակերպել է «Օրհուս կենտրոնների դերը կոնվենցիայի իրականացման գործում» լրացուցիչ միջոցառում։
Միջոցառմանը ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող դեսպան Բակիտ Ջուսուպովը և ՄԱԿ ԵՏՀ շրջակա միջավայրի բաժնի տնօրեն Մարկո Քեյներն իրենց ելույթներում կարևորել են Օրհուս կենտրոնների դերը կոնվենցիայի իրականացման գործում, հատկապես տեղական մակարդակում կոնվենցիայի հիմնաքարերի ամրապնդման գործում։
Դեսպան Բակիտ Ջուսուպովը նշել է, որ Օրհուս կենտրոնների պատմությունը մեկնարկել է Երևանից՝ առաջին կենտրոնի ստեղծման շնորհիվ։
ԵԱՀԿ շրջակա միջավայրի կառավարման հարցերով պատասխանատու Քրիստիան Մելիսը կարևորել է Հայաստանի դիրքորոշումը Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի կողմնորոշման հարցում։
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը միջոցառմանը մասնակցել է որպես բանախոս։ Նա տեղեկացրել է կենտրոնների իրավական կարգավիճակի քննարկվող տարբերակների մասին՝ կարևորելով հարցի շուրջ շահագրգիռ բոլոր կողմերի միջև կոնսենսուսի ձեռքբերումը։ Նա նշել է, որ կողմնորոշման համար սկզբունքային են կենտրոնի անկախության, ֆինանսական կայունության, գործունեության շարունակականության և թափանցիկության հարցերը։
Երևանի Օրհուս կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին և առ այսօր գործում է շրջակա միջավայրի նախարարության ներքո՝ հարթակ հանդիսանալով բնապահպանական հարցերի քննարկման և արդյունավետ լուծումներ գտնելու համար։


