Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները:
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով ֆոկուս խմբեր։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ։ Նպատակն է Օրհուս կենտրոնի միջոցով նպաստել Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկությանն ու մասնակցայնությանը։
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ֆոկուս խմբերի առաջին քննարկումը, որին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը կարևորել է նրանց փորձն ու առաջարկները՝ նպաստելու առավել ամբողջական և որակյալ զեկույցի մշակմանը, արտացոլելու ինչպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ձեռք բերված դրական առաջընթացը, այնպես էլ առկա մարտահրավերներն ու խոչընդոտները։
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի պահանջները, զեկույցի կառուցվածքը, ձևաչափը, ժամկետները և քննարկման ենթակա հարցերի շրջանակը։
Այնուհետև խմբերն, ըստ թեմատիկ ուղղությունների, քննարկել են օրենսդրական և կանոնակարգող, պրակտիկ և այլ գործընթացները, խոչընդոտներն ու ձեռքբերումները, որոնք, իրենց կարծիքով անհրաժեշտ է արտացոլել զեկույցում։
Հանդիպման արդյունքները հաշվի կառնվեն զեկույցի բովանդակության մեջ։
Հաջորդիվ Օրհուս կենտրոնը կկազմակերպի նմանատիպ քննարկումներ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերի առավել լայն շրջանակ՝ ի նպաստ Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկության ու մասնակցայնության։
