Ժնևի Ազգերի պալատում ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի 15-րդ հանդիպումը:
Հանդիպման հիմնական առանցքը փորձի փոխանակումն էր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահմանությանն առնչվող գործերով արդարադատության մատչելիության ապահովման շուրջ:
Աշխատանքային խումբը քննարկել է այս ոլորտներում առկա միտումները, լավագույն փորձը, խոչընդոտները, մարտահրավերներն ու նորարարական լուծումները: Շարունակվել են նաև նախորդ նստաշրջանի գլխավոր թեմայի՝ էներգետիկայի հետ կապված գործերով արդարադատության մատչելիության վերաբերյալ քննարկումները:
Պատվիրակները քննարկել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերով արդարադատության իրականացման ծախսերի վերացման, ինչպես նաև որոշումների վերանայման խելամիտ ժամկետներին վերաբերող հարցերը:
Դիտարկվել են արդարադատության արդյունավետ հասանելիությունը խթանելու այնպիսի գործիքներ, ինչպիսիք են անկախ բնապահպանական փորձաքննության հասանելիությունը, վերանայման ընթացակարգերի հասանելիությունը, համապատասխան տվյալների ու վիճակագրության հավաքագրման և համապատասխան նախադեպային իրավունքի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության տարածման միջոցները (էլեկտրոնային արդարադատություն, ժամանակակից թվային տեխնոլոգիաներ, այլ):
Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանք է տարվում մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ շեշտադրելով, թե դրանք ինչպես են առնչվում, կամ ինչպես կարող են կայուն հիմք ստեղծել հանրության էկոլոգիական իրավունքների պաշտպանությունն առավել դյուրին դարձնելու համար: Նա ներկայացրել է, թե առկա խոչընդոտները վերացնելու համար ինչպես է ապահովվում երկխոսությունը բազմաշահառու խմբի միջև:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, իսկ հասարակական թևից՝ «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:
Հանդիպմանը վերաբերող բոլոր նյութերը հասանել են ՄԱԿ ԵՏՀ կայքում՝ https://bit.ly/3ZW5q17