ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2025
Օրհուս կենտրոնների 2025 թվականի տարեկան հանդիպման առանցքում բնապահպանական արդարադատությունն էր և շրջակա միջավայրի պաշտպանների պաշտպանվածությունը

Օրհուս կենտրոնները միջազգայնորեն ճանաչված են որպես շրջակա միջավայրի ժողովրդավարության, թափանցիկության և հանրության մասնակցության առաջխաղացման հիմնական հարթակներ: Հոկտեմբերի 30-ին և 31-ին Վիեննայի Հոֆբուրգ պալատում, ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի (OCEEA) կազմակերպած ամենամյա  միջոցառումը միավորեց Օրհուս կենտրոնների, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ավելի քան 40 ներկայացուցիչների:
Մասնակիցները քննարկեցին Օրհուս կենտրոնների դերը Օրհուսի կոնվենցիայի և Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի իրականացմանը աջակցելու գործում: Ուշադրության կենտրոնում հատկապես շրջակա միջավայրին առնչվող հարցերում արդարադատության հասանելիության, շրջակա միջավայրի պաշտպանների իրավապաշտպանության և համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման հարցերն էին:
ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործողությունների համակարգող դեսպան Բակիտ Ջուսուպովն իր բացման խոսքում նշեց, որ Օրհուս կենտրոնները կենսական դեր են խաղում շրջակա միջավայրի ժողովրդավարության և լավ կառավարման խթանման գործում: Նա շեշտեց Երևանի Օրհուս կենտրոնի դերը՝ որպես հիմնաքարային այս կարևոր հարթակների ստեղծման գործում:  
ՄԱԿ-ի ԵՏՀ շրջակա միջավայրի բաժնի տնօրեն Մարկո Քեյները ընդգծեց Օրհուսի կոնվենցիայի շարունակական կարևորությունը շրջակա միջավայրի իրավունքների և հաշվետվողականության ապահովման գործում։
Շրջակա միջավայրի պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը վերահաստատեց շրջակա միջավայրի արդարադատության համար պայքարող անհատներին և խմբերին պաշտպանելու անհրաժեշտությունը։
Միջոցառմանը մասնակցում էր շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը: Նա կարևորեց բնապահպանական արդարադատության առաջխաղացման գործում ներգրավված կողմերի կարողությունների զարգացումը բնապահպանական օրենսդրության կիառման հարցերով:
Հանդիպման մասնակից Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը հանդես եկավ տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման գործում Օրհուս կենտրոնի դերի մասին ելույթով: Հայաստանից որպես քաղհասարակության ներկայացուցիչ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն էր ստացել նաև Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ անդամ Տաթև Լազարյանը, ով ներկայում ուսանում է Վիեննայի Բոկուի համալսարանում:
2025 թվականի Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպումը տեղի է ունեցել «Օրհուս կենտրոնների հզորացում ԵԱՀԿ տարածքում՝ շրջակա միջավայրի լավ կառավարումը և կայուն զարգացումը խթանելու համար» ԵԱՀԿ արտաբյուջետային նախագծին Իտալիայի, Գերմանիայի և Նորվեգիայի աջակցության շնորհիվ։