ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2024
Կայացել է Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի հանդիպումը

Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 9-րդ հանդիպման օրակարգում թվային տեխնոլոգիաներն են եղել:
«Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի աշխատանքային խմբի 9-րդ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 7-8-ը Ժնևում: Աշխատանքային խումբը քննարկել է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և խնդիրները բնապահպանական տեղեկատվության հասանելիության ապահովման տեսանկյունից:Առանցքային հարցերի թվում քննարկվել են նաև ապատեղեկատվության և «կանաչ» պիտակի անվան տակ չարաշահումների (greenwashing) կանխման հարցերը: 
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը ներկայացրել է ոլորտային տեղեկատվություն կրող էլեկտրոնային հարթակները և բջջային հավելվածները: Կոնվենցիայի քարտուղարության խնդրանքով նա հատկապես կենտրոնացել է էլեկտրոնային այն գործիքների վրա, որոնք կիրառվում են հանրության կողմից և նպաստում են կենսաբազմազանության պահպանությանը: 
nature.e-gov.am հարթակի միջոցով դյուրինացվել է սիողական որսի պայմանագրի կնքման, որսկտրոնների տրամադրման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և այլ ծառայություններ: Հարթակը դեռևս բարելավման փուլում է։ Այն հնարավորություն է տալիս կարգավորելու համապատասխան գործընթացներն ու առավել վերահսկելի դարձնելու դրանք: Չաքրյանը խոսել է նաև Կարմիր գիրք բջջային հավելվածի մասին, AR Trails բջջային հավելվածի բհպտ-ների տարածքով անցնող արահետների ու թվային գործիքների միջոցով Հայաստանի կենդանիներին ու բույսեին բացահայտելու հնարավորությունների մասին:
Միջոցառմանը որպես կանոն մասնակցում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հայաստանից մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը: Նա Հայաստանի օրինակով նեկայացրել է բնապահպանական տեղեկատվության տարածման համար օգտագործվող առցանց հարթակներին և էլեկտրոնային գործիքներին առնչվող հիմնական խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:  Հարթակների մշակման ու գործարկման համատեքստում նա կարևորել է դրանք թիրախային խմբերի շրջանում տարածելու ռազմավարության անհրաժեշտությունը: Այլապես, անգամ ամենաարդյունավետ գործիքները կարող են կիրառության ցածր մակարդակ ունենալ: Ե՛վ կառավարության, և՛ ՔՀԿ նեկայացուցիչները կարևորել են ոլորտային տեղեկատվության թիրախային հասցեագրման գործում պետության և քաղհասարակության անընդմեջ երկխոսությունը:
Միջոցառման մանրամասները հասանելի են ՄԱԿ ԵՏՀ կայքում, ստորև հղումով՝
https://unece.org/.../ninth-meeting-task-force-access... :