ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2025
Մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված քննարկում Երևանի Օրհուս կենտրոնում

Օրհուս կենտրոնի աշխատանքները համակարգող խորհրդի կողմից  Երևանի Օրհուս կենտրոնում անցկացվել է  «Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնախնդիրները. պատասխանատու կառույցների դերը» թեմայով կլոր-սեղան։  Քննարկմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը խոսել է Երևանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի և աղտոտվածության վիճակի մասին. «Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ հրատապ բնապահպանական խնդիր՝ ազդելով ինչպես մեր առողջության, այնպես էլ քաղաքային միջավայրի վրա։ Վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկվել է այս խնդիրը»։
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի և աղտոտվածության վիճակի վերաբերյալ վերլուծությամբ հանդես է եկել  «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանը՝ ներկայացնելով օդի որակի մոնիթորինգի ներկա վիճակը, օդի հիմնական աղտոտիչները եւ դրանց առաջացման հիմնական աղբյուրները, ինչպես նաև մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի զարգացմանն ուղղված քայլերը.
 «Հայաստանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման նպատակով 2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 300 մլն դրամ մթնոլորտային օդի որակի 2 դիտակայանի ձեռքբերման համար, որոնց մատակարարումը և գործարկումն ակնկալվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում: Դիտակայանների շահագործումը հնարավորություն կընձեռի չափել օդի հիմնական աղտոտիչները, ժամանակին ստանալ տեղեկատվությունը և օպերատիվ ներկայացնել հանրությանը»-նշել է Հակոբյանը։ 
Մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանն էլ ներկայացրել է մթնոլորտային օդի պահպանության, աղտոտվածության նվազեցման և կանխարգելման հարցերը որպես շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության առանցքային ուղղություն, որոնց բարելավումը  հնարավորություն կստեղծի իրականացնել մթնոլորտային օդի պահպանության նպատակային քաղաքականություն՝ ուղղված մթնոլորտային օդ արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը։ 
 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի անշարժ և շարժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունների շրջանակը, ինչպես նաև շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում փոշու արտանետման հետ կապված գործողություններ իրականացնող անձանց պարտավորությունները, որոնց պահպանմամբ հնարավոր կլինի բացառել մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեությունից առաջացած վնասակար ներգործությունները, - հավելել է Ա.Փանոյանը:
Ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության ներկայացուցիչները։
Թեմայի շուրջ քննարկման ժամանակ ներկայացվել են առաջարկություններ, մասնագիտական կարծիքներ ու վերլուծություններ։ 
Ամփոփիչ խոսքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ.Ազիզյանը կարևորել է այս քննարկումը, որի նպատակն է հստակեցնել պետական և տեղական կառույցների պատասխանատվությունը և համագործակցության հնարավորությունները՝ օդի աղտոտվածության վերահսկման ու կանխարգելման հարցում, հույս հայտնելով, որ  մասնագիտական կարծիքների, փորձի ու առաջարկների համադրմամբ հնարավոր է գտնել արդյունավետ լուծումներ։