Փետրվարի 18-19-ը Ժնևում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպումը:
Օրհուսի կոնվենցիայի շրջակա միջավայրին առնչվող հարցերում արդարադատության մատչելիության աշխատանքային խմբի 16-րդ հանդիպման օրակարգում քիմիական նյութերի և թափոնների կառավարման, ջրի որակի և աղմուկի աղտոտվածության հետ կապված գործերով արդարադատության մատչելիության հարցերն են եղել:
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը հանդես է եկել Հայաստանի դատական պրակտիկայում ջրային ոլորտին առնչվող նախադեպային որոշումների վերաբերյալ ելույթով: Կարևորել է նախադեպային որոշումները արդար դատավարության հասանելիության իրավունքի ապահովման առումով: Նա նաև ընգծել է արդարադատության ոլորտում Հայաստանում առկա էլեկտրոնային հարթակների կարևորությունը դատական համակարգի և դատական գործերի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման առումով:
Մարի Չաքրյանն անդրադարձել է ջրային ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին, մասնավորապես ջրահեռացմանն առնչվող իրավահարաբերությունների նոր կարգավորումներին, Ջրային օրենսգրքի փոփոխություններին:
Օրինակ, 2022 թվականին իրականացվել են Եվրոպական Միության դիրեկտիվներին օրենսդրության մոտարկման գործողություններ, այդ թվում որդեգրվել է ջրային մարմնի առնվազն լավ էկոլոգիական կարգավիճակին հասնելուն սկզբունքը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են իրականացվել՝ ներդնելով ջրի որակի պահպանության առավել խիստ միջոցներ: 500.000 դրամի չափով և ավելի բնապահպանական վնաս հասցնելու դեպքում անգամ նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Հանդիպմանը Հայաստանի հանրային հատվածից, ի դեմս Եվրոպական Էկո ֆորումի (Europian ECO forum), մասնակցել է «Դալմա-Սոնա» հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը: Նա անդրադարձել է թափոնների ոլորտում առկա խնդիրներին:
Աշխատանքային խմբի անդամները կիսվել են ոլորտում ունեցած իրենց փորձով, քննարկել մարտահրավերներն ու դրանց հաղթահարման արդյունավետ օրինակները:
