ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի  հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել. ծառայությունը համալրվեց երեք ամենագնաց մեքենաներով
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է նախարարության Էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի  հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև փոխըմբռնման հուշագրի կնքման պաշտոնական և WWF-Հայաստանի կողմից երեք ամենագնաց մեքենաներ էկոպարեկային ծառայությանը հանձնելու հանդիսավոր արարողություններին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, համայնքային, բնապահպանական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Մեկնարկող համագործակցության ուղղություններից մեկը՝ սարքավորումներով Էկոպարեկային ծառայության կարողություններին խթանումը, այսօր կյանքի է կոչվել։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ձեռքբերված, համապատասխան սարքավորումներով հագեցած երեք ամենագնաց մեքենաներ WWF-Հայաստանի կողմից հանձնվել են էկոպարեկային ծառայությանը։
Ողջունելով ներկաներին Լոռվա Դսեղ բնակավայրում՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիին՝ մեր երկրում էկոպարեկային ծառայությանը տեխնիկական կարողություններով հագեցնելու խնդրին առաջինն արձագանքելու համար։
«Էկոպարեկային ծառայության կայացումը շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, իսկ միջազգային գործընկերների աջակցությունն, ինչ խոսք, արժեքավոր է այդ ճանապարհին։ Տեխնիկապես կայուն ծառայության կազմակերպումը ուղղակիորեն կբարձրացնի ազգային հարստություն համարվող անտառների պահպանության մակարդակը»,- նշել է նախարարը և միջազգային  գործընկերների հետ շարունակական համագործակցության հույս  հայտնել։
Նախարարը ներկայացրել է էկոպարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտությունը, նախարարության շարունակական քայլերը ծառայության կայացման ուղղությամբ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ևս շրջակա միջավայրի պահպանման օրախնդիր է համարել էկոպարեկային ծառայության կայացումը։ 
«Փաստը, որ տարածաշրջանում ամենափոքր անտառածածկ հատվածը Հայաստանինն է, ավելի է ընդգծում անտառների պահպանման անհրաժեշտությունը։ Ծառայությունն արագ և որակյալ պահպանության հանձնառություն ունի, ինչն իրականացնելու նախադեպը հենց այս միջոցառումն է»,- նշել է ծառայության պետը և վստահություն հայտնել, որ ծառայությանը նվիրաբերվող ամենագնացները շեշտելու են անտառների պահպանության բարձր որակը։
Հուշագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու  ծառայությանը Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառտնտեսություններում կենսաբազմազանության պահպանման և կենդանիների ապրելավայրերի պահպանության գործում: