ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2024
ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցները մասնակցել են «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին

ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի (USFS/IP) Հայաստանի և Եվրասիայի կարողությունների զարգացման և անտառային հրդեհների, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 9-13-ը կազմակերպված «Արձագանք բոլոր վտանգներին» խորագրով վերապատրաստման դասընթացին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները։
Դասընթացը կազմակերպվել էր Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրում գտնվող Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան վայրի բնության ապաստարանի տարածքում։
Ուսուցման շրջանակում էկոպարեկային ծառայության աշխատակիցները ծանոթացել են անտառային հրդեհների արագ արձագանքման մեխանիզմներին, հրդեհի պատճառ հանդիսացող հիմնական գործոններին և դրանք արդյունավետ կառավարելու հնարավորություններին։
Ծառայության աշխատակիցներն ակտիվ մասնակցություն  են ունեցել նաև դաշտային պայմաններում կազմակերպված գործնական վարժանքներին՝  ձեռք բերելով անհետաձգելի գործողություններ  իրականացնելու համար հմտություններ և կարողություններ։