Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող, Գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Ջոզեֆ Կառլ Պելիկանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Սոլոմեյա Օմելիայի և UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Ժիրայր Էդիլյանի հետ։
Ողջունելով պատվիրակության անդամներին, Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի և «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցության համար՝ ընդգծելով նման ձևաչափերի կարևորությունը բնապահպանական ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և UNIDO-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ոլորտում իրականացված հաջողված ծրագրերն ու նախաձեռնությունները՝ մասնավորապես մասնագիտական կարողությունների զարգացման, տեխնիկական վերազինման և իրազեկման ուղղություններով։
Կարևորվել է շարունակական համագործակցությունը բնապահպանական կայունության ապահովման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ իրագործման ուղղությամբ։ Քննարկվել են նաև նոր նախաձեռնությունների իրականացման և գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է COP 17-ի համաժողովի կազմակերպման աշխատանքներին և նշել, որ դա ոչ միայն միջազգային հեղինակության ամրապնդման առիթ է Հայաստանի համար, այլև հարթակ՝ ներկայացնելու մեր երկրի կենսաբազմազանության պահպանության ոլորտում ձեռքբերումներն ու բարձրացնելու գլոբալ բնապահպանական խնդիրների նկատմամբ ազգային մոտեցումները։
