ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.05.2024
Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է

Հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվեց «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցել է նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին, ներկայացուցիչներ Շրջկա միջավայրի նախարարությունից, շահագրգիռ գերատեսչություններից, հասարակական կազմակերպություններից և լրատվադաշտից։
Ելույթով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը, մասնավորապես անդրադառնալով հողերի դեգրադացման խնդրին և դրա ուղղությամբ տարվող քայլերին․
«Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված:
Աշխարհագրական դիրքով և բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում կլիմայի փոփոխության ազդեցությունից: Գլոբալ տաքացումը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում,  նպաստում է անապատացման  և երաշտային երևույթների ինտեսիվացմանը` հանգեցնելով հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի, ինչն էլ իր հերթին ավելի խոցելի է դարձնում հասարակությանը` պարենային անվտանգության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից,-նշել է նախարարը:  
Անդրադառնալով օրվա խորագրին` «Միավորված` հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է», նախարարը հորդորեց հիշել, որ հողն այսօր մեզ համար պարզապես ռեսուրս չէ, այլ ժառանգություն, որը մենք պետք է պաշտպանենք և պահպանենք ապագա սերունդների համար.
«Մեր պարտականությունն է ջանքեր գործադրել, որ հողը մնա բերրի` ապահովելով կայունություն բոլոր էկոհամակարգերի համար: Ես հորդորում եմ պետական պաշտոնյաներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, գիտական հանրույթին` միավորվել, խորացնել համագործակցությունը` անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար: Մենք պետք է միասին աշխատենք հողերի կայուն կառավարում իրականացնելու, անտառվերականգնման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հողերի պահպանման կարևորության մասին իրազեկման բարձրացման ուղղությամբ»:
Ելույթով հանդես է եկել  ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին. 
«Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է մեր քաղաքացիների, մեր տնտեսության և մեր շրջակա միջավայրի համար կայուն ապագա ապահովելու ուղղությամբ: Ուստի կոչ եմ անում բոլորիդ միանալ մեզ՝ այս կենսական գործընթացում, կիսել Ձեր փորձը, ռեսուրսները, գաղափարները և միասին աշխատել` հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքությանը մինչև 2030 թվականը: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք վերականգնել մեր դեգրադացված հողերը, պաշտպանել մեր էկոհամակարգերը և ապահովել կայուն ապագա գալիք սերունդների համար»:
Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի» իրականացման ընթացքը Հայաստանում:
Ներկայացվել է Հայաստանում հողերի մոնիթորինգի գործընթացը:
Վաղարշապատի Առաջին հիմնական դպրոցի  սաները խոսել են հողերի անապատացման և երաշտի դեմ պայքարում իրենց ներգրավվածության վերաբերյալ։