«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակազմի համար կենսաբազմազանության մոնիթորինգի վերաբերյալ կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ և դաշտային ցուցադրություններ են կազմակերպվել Ֆինլանդիայի բնսպահպանության ինստիտուտի (SYKE) կենտրոնի մասնագետների կողմից։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների հետ միասին ներկա են գտնվել դասընթացներին։
Նախարարի տեղակալ անդրադարձել է նմանօրինակ դասընթացների և փորձի փոխանակման կարևորությանը, շեշտելով մոնիթորինգի իրականացման կարևորությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում իրական նախադրյալներ են ստեղծվում հետագա որոշումների կայացման գործում։
Հիշեցնենք, որ «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի նպատակներն են՝
-աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր օրենսդրության մշակման հարցում,
-աջակցել բնության և կենսաբազմազանության պահպանության ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման ու կառավարման հարցում,
-բարձրացնել իրազեկվածության մակարդակն առաջարկվող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ, որոնք միտված են կենսաբազմազանության և բնության պահպանության հզորացմանը,
-հաստատել շարունակական աշխատանքային-մասնագիտական կապեր համագործակցող երկրների միջև։