ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.02.2026
Նախարար Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակում

Նախարար Համբարձում Մաթևոսյանը ելույթ է ունեցել  Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նստաշրջանի  բացման արարողությանը:
Որպես COP17 նախագահ, նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու առաջնահերթությունները։
Ամբողջ աշխարհում կենսաբազմազանության կորուստը շարունակվում է ահազանգող տեմպերով՝ խաթարելով այն էկոհամակարգերը, որոնց վրա հիմնված են  տնտեսությունները, սննդային համակարգերը, առողջությունն ու կյանքի որակը։ Եվ սա միայն բնապահպանական խնդիր չէ, այլ համակարգային տնտեսական ռիսկ, որը սպառնում է կայուն զարգացման, արժեքային շղթաների, ներդրումային անվտանգության և հասարակությունների երկարաժամկետ դիմակայունությանը։ 
Նախարարը կարևորել է IPBES-ի դերը՝ վստահելի տվյալներով ու փաստահեն գիտությունն ու քաղաքականությունը կապելու գործում։ Միևնույն ժամանակ ընդգծել  է «Բիզնես և կենսաբազմազանություն» գնահատման կարևորությունը՝ որպես ուղեցույց մասնավոր հատվածի համար, որպեսզի իրականացվեն բնության վրա դրական ազդեցություն ունեցող քայլեր՝ համահունչ Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին ու թիրախներին։
COP17-ին ընդառաջ անհրաժեշտ է կենտրոնանալ հիմնական մանդատների իրականացման վրա, այդ թվում՝ Կենսաբազմազանության Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման։ 
Այդ վերանայումը պետք է հիմնվի ազգային հաշվետվությունների և գիտական գնահատումների վրա՝ բացահայտելու առկա բացերը, մարտահրավերները և իրականացման հիմնական կարիքները։
Իր ելույթում  շեշտել է, որ գիտական ապացույցները պետք է վերածվեն կոնկրետ քաղաքական գործողությունների, և COP17-ը կարող է դառնալ այն պահը, երբ կենսաբազմազանության քաղաքականությունը և տնտեսական իրատեսական լուծումները կհամընկնեն՝ ստեղծելով խթաններ, չափորոշիչներ և ազդակներ, որոնք կուղղորդեն բիզնես որոշումները դեպի բնության պահպանությանը նպաստող արդյունքներ։ 
Հայաստանի՝ որպես COP17 համաժողովն հյուրընկալող կողմի, նպատակը մեկն է՝  ստեղծել թափանցիկ և արդյունավետ քննարկումների հարթակ՝ գիտության և փաստերի վրա հիմնված չափելի ու կիրառելի որոշումների հասնելու համար։
  «Taking action for nature» կարգախոսի ներքո Հայաստանի նախագահությունը հրավիրում է կողմերին և շահագրգիռ բոլոր դերակատարներին՝ օգտագործել այս նստաշրջանի օրերը՝ COP17-ի համար անհրաժեշտ համախմբումն ու լուծումները ամրապնդելու և Երևանում կողմերի հանդիպմանն ավելի պատրաստ լինելու համար։