ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է միջազգային գործընկերների հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) Ասիայի և Ամերիկայի բաժնի ղեկավար, դեսպան Առնո Վիկիին, SDC Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության գրասենյակի տնօրեն Բարբարա Բյոնին, փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին և ազգային ծրագրերի պատասխանատու Համազասպ Դանիելյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է բնապահպանական ոլորտում հայ-շվեյցարական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ շեշտադրելով նոր ծրագրային ուղղություններն ու համատեղ իրականացվող նախաձեռնությունները։
Անդրադառնալով տարածաշրջանային նոր «GEOPARKS» նախագծին՝ կողմերը կարևորել են այն որպես հնարավորություն՝ զարգացնելու էկոտուրիզմը, գիտակրթական ներուժը և համայնքների մասնակցային ներգրավվածությունը՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունը։
Քննարկվել են նաև «Forest Restoration and Climate Change in Armenia» (FORACCA) ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի կլիմայական կայունությունն ու բնական ռեսուրսների կայուն կառավարումը։
Նախարար Մաթևոսյանը բարձր է գնահատել Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող ջանքերը՝ կարևորելով կլիմայի փոփոխության բացասական հետևանքների նվազեցմանն ու ճկունության բարձրացմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի նախապատրաստական աշխատանքները առաջիկա COP17 համաժողովին, մասնավորապես՝ ազգային առաջարկությունների առաջմղման, միջազգային համագործակցության խորացման և փորձագիտական ներուժի արդիականացման ուղղություններով։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիային՝ Հայաստանի բնապահպանական օրակարգին ցուցաբերվող համապարփակ և շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ համատեղ ծրագրերը մեծապես նպաստում են ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, համայնքների հզորացմանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։