Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։
«Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և ընդգծել, որ սառցադաշտերի պահպանության հարցը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Նա ներկայացրել է Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ մասնավորապես ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցության, աղետների քանակի ու դրանց հետևանքով վնասների աճը և կարևորել է աղետների ռիսկի կառավարումն ու միջազգային համագործակցությունը։
Նախարարի տեղակալը նշել, որ 2024 թվականին Հայաստանում գրանցված հեղեղումները մեծ վնասներ են պատճառել, իսկ վերականգնման կարիքները գնահատվում են մոտ 120 միլիոն դոլար։
Արա Մկրտչյանն անդրադարձել է նաև Հայաստանի ձեռքբերումներին հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի, համայնքների դիմակայունության բարձրացման և «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն 2023-2030» փաստաթղթի իրագործման ուղղությամբ։
Նա նշել է, որ Հայաստանի լեռնային համայնքները հատկապես խոցելի են կլիմայական վտանգների նկատմամբ և կոչ արել առաջնահերթ դարձնել սառցադաշտային լճերի մոնիթորինգը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի հաջորդ հյուրընկալող երկիր և նախագահող, Հայաստանը լիարժեք պատրաստակամ է նպաստելու այս կարևոր օրակարգի առաջմղմանը՝ խորացնելով մեր ընդհանուր ըմբռնումը կլիմայի փոփոխության, սառցադաշտերի հալման և կենսաբազմազանության կորստի փոխկապակցվածության վերաբերյալ,- նշել է նախարարի տեղակալը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ շարունակական, արդյունավետ և կառուցողական համագործակցության ուղղությամբ։
