ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2025
ՇՄ նախարարությունն ու Արդարադատության ակադեմիան հիմնեցին նոր համագործակցություն

ՇՄ նախարարությունն ու Արդարադատության ակադեմիան հիմնեցին նոր համագործակցություն՝ էկոլոգիական իրավունքների զարգացման համար:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նոր հիմք է ստեղծում էկոլոգիական իրավունքի զարգացման, բնապահպանական համաձայնագրերի արդյունավետ իրականացման և շրջակա միջավայրի վերաբերյալ արդարադատության մատչելիության բարձրացման համար։
Հուշագրի ստորագրմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։
Նախաձեռնության նպատակն է ձևավորել շարունակական և կառուցողական համագործակցություն երկու կառույցների միջև՝

  • մշակելու և իրականացնելու դասընթացների մոդուլներ՝ հիմնված էկոլոգիական իրավունքի և Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների վրա,
  • կազմակերպելու համատեղ միջոցառումներ, սեմինարներ և կոնֆերանսներ՝ արդարադատության համակարգի մասնագետների էկոլոգիական իրազեկվածությունը բարձրացնելու համար, 
  • ընդլայնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Այս հուշագիրը կարևոր քայլ է՝ մի կողմից ապահովելով բնապահպանական իրավունքի կիրառման ամրապնդումը, մյուս կողմից՝ նպաստելով արդարադատության ոլորտում մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանը։